Երեկ մեր ունեցած տվյալներով Բարալեթ, Կոչիո, Իխտիլա, Մերենիա, Տուրցխ և Լոմատուրցխ գյուղերում տեղացած կարկուտը և տեղատարափ անձրևները ոչնչացրել են բոլոր հացահատիկային կուլտուրաները և վնասել կարտոֆիլի ցանքատարածությունները, ջրով են լցվել տներն ու ֆերմերական տնտեսությունները: Մարդիկ դեռ երեկվանից ջրհան սարքերով ջուրը քաշում են դաշտերից, և նույնիսկ մեկ օր անց կարկուտը դեռ չի հալվել։ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանն անմիջապես արձագանքել է և հանձնաժողովային կարգով այցելել վերոնշյալ բոլոր վայրերը՝ հասցված վնասը գնահատելու համար։ Այսօր Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահը, Սակրեբուլոյի փոխնախագահը և ենթակառուցվածքային հանձնաժողովի նախագահը եղել են այս վայրերում և զրուցել նշված գյուղերի բնակիչների հետ։ Կարկուտը և հորդառատ անձրևները որոշ հատվածներում վնասել են նաև ենթակառուցվածքները (ճանապարհներ, խողովակներ, կամուրջներ, ջրանցքներ): Տեղական իշխանությունները ակտիվորեն աշխատում են վնասված ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ:


























